Վերցնելով արևելյան Հալեպը՝ Բաշար Ասադն ու Մոսկվան ավարտում են «օգտակար Սիրիայի» գրավումը՝ տարածք, որտեղ ապրում է բնակչության 60 % -ը՝ գրում է Le Figaro-ում Ժորժ Մալբրյունոն: Բայց Սիրիայի նախագահը դրանով չի ցանկանում բավարարվել, նույնիսկ եթե այդ հարցում ռուս դաշնակցի հետ է բախվելու: Հաղթանակի սիմվոլիկան Ասադի համար շատ կարևոր է: Փորձագետներից մեկի գնահատականով՝ «դա երկրի երկրորդ քաղաքի վերադարձն է տնտեսական, քաղաքական ու ժողովրդագրական դրոշի տակ»: «Օգտակար Սիրիա», որպես կանոն, ընկալվում է երկար միջանցքը, որ ձևավորում են երկրի գլխավոր քաղաքները՝ Դամասկոսը, Հոմսը, Համան, Դերան, հիմա արդեն և Հալեպը, որ վարչակարգի վերահսկողության տակ են, նաև մերձափնյա Լաթաքիան ու Տարտուսը, որտեղ ռուսական ռազմաբազաներն են ու Ասադների ընտանիքի կալվածքը: Ինչպես երբեք թուլացած ապստամբները՝ հարկադրված են եղել հիմնավորվել արևելքում Իդլիբ նահանգում, հյուսիսում քրդերի մոտ և արևելքում անապատում, որտեղ ԻՊ-ը վերահսկում է Ռաքան և Դեյր էլ Զորի մեծ մասը:
Համընթաց քամին զգալով՝ Ասադը չի ցանկանում լինել նախագահը մի երկրի, որի մի մասը գտնվում է Թուրքիայի կամ քրդերի ձեռքին: Մենք ուզում ենք ամեն ինչ վերադարձնել՝ Դամասկոսում, հոկտեմբերի վերջին ասել է պաշտոնական անձանցից մեկը: Բայց խնդիր կա՝ ռուսներն ուզում են բավարարվել «օգտակար Սիրիայով»: «Դա մեր սկզբունքային տարաձայնությունն է»՝ ասել է վարչակարգի պաշտոնական ներկայացուցիչը: Առաջիկայում, դա նախապես ծրագրված չէր, ռուսներն ու սիրիացիները պիտի միավորվեն՝ ազատագրելու անտիկ Պալմիրան, որ կիրակի օրը գրավեց ԻՊ-ը: Հետո նոր խնդիր կդրվի՝ գրավել Իդլիբը և հարակից շրջանը, որտեղ բնավորվել է սիրիական Ալ Քաիդան, տեղափոխվել են շատ ապստամբներ՝ թողնելով Դարայայի, Կուդսայի, Ալ Ֆահերի դիրքերը: Ռուսներն ու սիրիացիները կարծում են, որ այնտեղ քաղաքացիական անձինք ավելի քիչ կլինեն Հալեպից և իրենք կարող են գործել՝ առանց ԶԼՄ-ների ճնշմանը ենթարկվելու:
«Ասադի համար, որ դա կրկնել է սիրիական «Ալ Վաթանում», գերակայություն է լայն հակաջիհադիստական կոալիցիայի ստեղծումը, իսկ քաղաքական գործընթացը երկրորդական նշանակություն ունի: Սակայն գերակայությունների այդ դասավորությունը Մոսկվայի համար ինքնին հասկանալի չէ: Հալեպից հետո «Մոսկվան ցանկանում է վերսկսել իշխանության փոխանցման բանակցությունները»՝ վստահեցնում է Ռանդա Կասիսը՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչը: Բայց Ասադին դիմակայող ուժերի պարտությունից հետո, ում աջակցում էին Սաուդյան Արաբիան, Կատարը, Ֆրանսիան, Ռուսաստանը ցանկանում է այնտեղ նշանակել այլ գործիչների, որ ավելի մոտ են իր մտադրություններին: Կասիսի կարծիքով՝ «Ռուսաստանը այդ ժամանակ եվրոպական երկրի կարիք կունենա, որը կաջակցի իր ծրագրերին: Այդ երկիրը կարող է դառնալ Ֆրանսիան՝ Ֆրանսուա Ֆիյոնի հաղթանակի դեպքում»:
«Ռուսների հետ հարաբերություններում լարում է ի հայտ գալու, որ ուզում են ճգնաժամից քաղաքական ելք,- վստահեցնում է ՄԱԿ-ի անկախ դիվանագետը:-Որքան Ասադն իրեն ուժեղ զգա, այնքան քիչ կցանկանա ներքաշվել քաղաքական գործընթացի մեջ», որի զոհը կարող է դառնալ: Հիմա Դամասկոսը կձգտի արագացնել այնպիսի սիրիական պետությանը վերադարձը, որը նրա ռուս դաշնակիցը անհրաժեշտ է համարում պաշտպանել: Դա կկատարվի Արևելյան Հալեպի բնակիչների, նաև Լաթաքիա փախած գործարարների արագ վերադարձով: «Ասադը ցանկանում է ցույց տալ, որ ինքը շահել է ոչ միայն պատերազմը, այլև խաղաղության մի մասը»՝ կարծում է մարդասիրական օգնություն կազմակերպող ընկերություններից մեկի ներկայացուցիչը: Ասադը կարծում է, որ կկարողանա այլընտրանք առաջարկել քաոսին ու կյանքին ԻՊ-ի, Ալ Քաիդայի իշխանության տակ: Վերջերս Լիբանանում 2 հազար սիրիացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները նրան այդ հույսը տալիս են: Foreign Affairs ամերիկյան կենտրոնի հարցումներով՝ նրան աջակցում է սիրիացիների 39,4 %-ը, 52,7 %-ը՝ ընդդիմությանն են պաշտպանում, 8 %-ը ոչ մեկին:
Ժորժ ՄԱԼԲՐՅՈՒՆՈ, Le Figaro
Հ.Գ. Ամբողջակա՞ն Սիրիա, թե՞ «օգտակար Սիրիա», ի վերջո գալու էր պահը, որ ռուս-սիրիական շահերը բախվեին: Ակնհայտ է, որ երկրի տրոհման հարցում շահագրգիռ են Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, քրդական հարցը չհաշված: Ռուսներն ուզում են հնարավորինս արագ ավարտել պատերազմը և սկսել վերականգնման աշխատանքները՝ նրանց պետք է պահպանել սեփական ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Պատերազմը Սիրիայում շարունակվում է և հազիվ թե ավարտվի նաև եկող տարի: Նույնիսկ ռազմական ավարտի դեպքում քաղաքական-դիվանագիտական մարտերը շարունակվելու են: Կվերադառնա՞ն հալեպահայերը ազատագրված քաղաք, հայը մի հայրենիք է ունենում՝ Հայաստան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ